38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«21-րդ դարից հասանք վեցերորդ դար»

«21-րդ դարից հասանք վեցերորդ դար»
09.11.2012 | 11:17

Մշակույթի հանձնաժողովի նախագահ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպիչ է. «Սփյուռքի երաժշտություն և պոեզիա», «Հանդիպում Ռաիսա Մկրտչյանի հետ», «Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց հետ հանդիպում»...

Սփյուռքի նախարարության Հայ կանանց միջազգային միավորման հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի գողտրիկ դահլիճում օրերս տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հայ գրատպության 500-ամյակին և Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելուն` «Ձեռագիր գրքից մինչև տպագիր գիրք» խորագրով։
ԵՊՀ դոցենտ, արվեստագիտության թեկնածու, ՀԿՄՄ անդամ Սեյրանուշ Մանուկյանը հանգամանալի ներկայացրեց ձեռագիր գրքի առաջացման և զարգացման ողջ ընթացքը` փոքրասիական Պերգամոն քաղաքում կատարված մագաղաթի գյուտից մինչև մեր օրերը։ «2-րդ դարում սկիզբ առնելով, ձեռագիր գրքերը մեզ հասած և Մատենադարանում պահվող գրքերի տեսքը դեռ չունեին. այդ ժամանակ դրանք 4, 8, 16 թերթանի էին և կոդեքսներ էին կոչվում։ 4-րդ դարից սկսեցին զարգացնել այդ կոդեքսները, 7-8-րդ դարերից ստեղծվեցին ամբողջական գրքերը»։
Այնուհետև տիկին Մանուկյանը ներկայացրեց քրիստոնեական գրականության լավագույն և վաղագույն նմուշներ, ինչպես նաև ավետարանի փղոսկրյա և արծաթյա կազմեր։ «Կազմերը արվում են հիմնականում կաշվից և մետաղներից։ Դարերի ընթացքում ձեռագիր գրքի մեծ զարգացմանը զուգահեռ ստեղծվեցին նաև գրչության դպրոցներ, որոնք տարբեր ձևով էին նկարազարդում մագաղաթները։ Մեզ հայտնի են երկու տասնյակից ավելի դպրոցներ, որոնցից առավել հայտնի էին Կիլիկիայի, Մեծ Հայքի, Բարձր Հայքի, Վայոց ձորի և Անիի դպրոցները»։
Բանախոսն անդրադարձավ նաև մագաղաթների որակին` ողորկ և ծակոտկեն, 10-11-րդ դարերում ձևավորված ավետարանական շարքին, 12-րդ դարում ձևավորված հիմնական գրատեսակներին, որոնք երկուսն էին` բոլորգիրը և երկաթագիրը։ Առանձնահատուկ նշեց կիլիկյան ձեռագրերը, հատկապես Նարեկի ձևավորումը, որում պահպանվել են Նարեկացու 4 նկարները, ինչպես նաև Սարգիս Պիծակի մանրանկարները։ Այդ շրջանում ձևավորվում են զարդագրերը` թռչնագրեր, մարդագրեր, ճակատազարդեր։ Գուտենբերգի գյուտից մոտ 60 տարի հետո Հակոբ Մեղապարտը տպագրեց առաջին հայ տպագիր գիրքը` «ՈՒրբաթագիրքը», իսկ ձեռագիր գրքերի փորագրանկարները և գալարակները օգտագործվեցին առաջին հայ տպագիր գրքերում։ Ձեռագիր գիրքը մոտ 1500 տարի գոյատևեց մեր աշխարհում և դարձավ տպագիր գրքի հիմքը»,- եզրափակեց իր զեկուցումը Սեյրանուշ Մանուկյանը։
Միջոցառումը վարող Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Խորենացու, Շնորհալու, Սահակդուխտ Սյունեցու տաղերից, նաև հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։
Հանրապետության վաստակավոր արտիստ, ՀԿՄՄ անդամ Աննա Մայիլյանը և իր սաները փայլուն կատարեցին (ակապելլա) Մաշտոցի, Շնորհալու միջնադարյան շարականներ։ Երգերն ուղեկցվեցին կիլիկյան շարակնոցի պատկերների տեսացուցադրումներով։
Փոքրիկ համերգն ավարտվեց Կոմիտասի գողտրիկ երգերի անաղարտ, զուլալ ելևէջներով։
«21-րդ դարից հասանք վեցերորդ դար, մտովի գնացինք 10-րդ դար, հետ եկանք 21-րդ դար և այս մտավոր ճանապարհորդության ընթացքում հասկացանք, որ հպարտ, հզոր հայեր ենք, մեր պապերը ստեղծել են հզոր ժառանգություն, մենք պիտի պահենք և պահպանենք այն»,- միջոցառման ավարտին ասաց սփյուռքի նախարար, Հայ կանանց միջազգային միավորման հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հրանուշ Հակոբյանը։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ